Չինաստանն ուշադրություն է դարձրել նախագծի իրականացմանը եւ ուշադիր հետեւում է միջազգային այդ միջանցքի ակտուալ գործառնությանը։ «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ» ասացվածք կա. տարբեր պետությունների միջեւ տրանսպորտային փոխկապվածության հետագա ամրապնդումը շատ կարեւոր նշանակություն ունի հատկապես ընթացիկ միջազգային իրադրությունում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի եւ Ասիայի հարցերի վարչության ղեկավարի տեղակալ Չեն Իկունը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե Չինաստանն ինչ նշանակություն է տալիս Հյուսիս-Հարավ ճանապարհին այն համատեքստում, որ Մետաքսի ճանապարհի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ը Միջին Ասիայով Ռուսաստան եւ Բելառուս այժմ փակ է, եւ ճանապարհը Հայաստանով դեպի Սեւ ծով ցամաքային, իսկ հետո՝ դեպի Եվրոպա ճանապարհներից մեկն է։
«Այս տարի նշվում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջադրած «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության տասնամյակը, իսկ Եվրասիայի երկրները մեզ համար կարեւոր գործընկերներ են այդ նախաձեռնության իրականացման համար։ Չինաստանը կարեւոր նշանակություն է տալիս այդ նախաձեռնության իրականացմանը, որը կապված է ազգային զարգացման ռազմավարության եւ ինտեգրացիոն այլ գործընթացների հետ մեր տարածաշրջանում։ Կարեւոր է առաջ տանել նաեւ հետագա ներդրումային ծրագրերը տրանսպորտային ենթակառուցվածքում, որպեսզի ապահովվի արտադրական շղթաների եւ մատակարարումների անխափան գործունեությունը մեր տարածաշրջանում։
Չինաստանը պատրաստակամ է եւ բաց բոլոր նախաձեռնությունների առջեւ, որոնք օգտակար են փոխկապվածության բարելավման համար։ Չինաստանը պատրաստ է ապահովել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության առաջմղումը եւ լրացուցիչ ազդակ հաղորդել զարգացմանը մեր տարածաշրջանում»,- ասել է Չեն Իկունը։
Պեկինից՝ Պարույր Սինյավսկի





























