«Հիլարի» փոթորիկը հասել է չորրորդ կարգի եւ շարժվում է Կալիֆոռնիայի ուղղությամբ՝ սպառնալով ուժեղ քամիներով եւ տեղատարափ անձրեւներով ԱՄՆ հարավ-արեւմուտքում, տեղեկացրել է NBC News-ը։

Ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ փոթորիկը, ինչպես սպասվում է, «զգալի հետեւանքներ» կունենա հարավ-արեւմուտքում հանգստյան օրերին եւ հաջորդ շաբաթվա սկզբին։

Փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով՝ ուրբաթ գիշեր քամու առավելագույն կայուն արագությունը հասել է ժամում 140 մղոնի։

Եթե «Հիլարին» ցամաք դուրս գա Կալիֆոռնիայում՝ որպես մերձարեւադարձային փոթորիկ, դա շատ հազվադեպ բան կլինի։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել անցյալ դարում, 1939թ., Լոնգ Բիչում։