Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի ընտանիքը կիրակի օրը, ընտրատեղամասերի բացվելուց երկու օր առաջ, պետությանը մեղադրել է «միտումնավոր անգործության պատճառով տեղի ունեցած սպանության մեջ»։

Էկվադորի դատախազությունը CNN-ի հարցազրույցում հաստատել է, որ ուրբաթ բողոք են ստացել ընտանիքից։

Բողոքում հիշատակվել են նախագահ Գիլյերմո Լասոն եւ ներքին գործերի նախարար Խուան Սապատան։

Հանգուցյալի ընտանիքը պնդում է, որ Վիլյավիսենսիոն հրապարակայնորեն հայտարարում էր, որ սպառնալիքներ է ստանում տարբեր հանցավոր խմբավորումներից, որոնք, նրա խոսքով, կառավարում են պետությունը։

Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում Էկվադորի ներքին գործերի նախարար Սապատան հայտարարել էր, որ ոստիկանության հանդեպ սկսվել են ներքին հետաքննություններ, եւ հաշվետվության արդյունքները կարող են պատրաստ լինել հաջորդ շաբաթ։

Ինչ վերաբերում է բողոքին, Սապատան ասել է, որ իրենք հարգում են ընտանիքի որոշումը, եւ որ նրանք իրենց իրավունքների սահմաններում են գտնվում։

Ընդ որում՝ Էկվադորի նախագահին սպանվածի ընտանիքի բողոքը զայրացրել է։

Լասոյի կառավարությունն ավելացրել է, որ մերժել է բողոքները եւ խնդրել, որպեսզի «գործը չքաղաքականացվի, եւ որպեսզի արդարադատության համակարգին թույլ տրվի առաջ գնալ հետաքննությունը վարելիս եւ հասնել պրոցեսուալ ճշմարտության»։

Վիլյավիսենսիոն օգոստոսի 9-ին գնդակահարվել էր, երբ փորձել էր հեռանալ նախընտրական հավաքից Կիտոյի հյուսիսի դպրոցներից մեկում, նախագահական ընտրությունների առաջին փուլից ընդամենը 10 օր առաջ։