Կանարյան կղզիների տարածաշրջանի նախագահ Ֆերնանդո Կլավիխոն կիրակի  հայտարարել է, որ ոստիկանությունը հաստատել է, որ իսպանական Տեներիֆե զբոսաշրջային կղզում մոլեգնող անտառային հրդեհը միտումնավոր է սկսվել, հաղորդում է Associated Press-ը:

Կլավիխոն հայտնել է, որ ոստիկանությունը հետաքննության երեք ուղղություն է բացել, սակայն չի նշել, թե, արդյո՞ք, ձերբակալություններ են եղել:

Բարելավված եղանակային պայմաններն օգնել են հրշեջներին գիշերվա ընթացքում առաջընթաց գրանցել կրակի դեմ պայքարում, որը վերջին հինգ օրվա ընթացքում դուրս էր եկել վերահսկողությունից, կիրակի  հայտնել են իշխանությունները:

«Գիշերը իրավիճակը շատ բարդ էր, բայց հրշեջների աշխատանքի շնորհիվ արդյունքները շատ դրական էին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տեներիֆեի նահանգապետ Ռոզա Դավիլան։

Վերջին մի քանի տարիներին Կանարյան կղզիները, ինչպես նաև մայրցամաքային Իսպանիայի մեծ մասը, տուժել են երաշտից: Կղզիները վերջին տարիներին միջինից ցածր տեղումներ են գրանցել՝ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած եղանակի փոփոխության պատճառով:

Թեև կղզու հյուսիսարևելքում բռնկված հրդեհը հեռու է հարավարևմուտքում գտնվող հիմնական զբոսաշրջային տարածքներից, սակայն  տարածաշրջանային կառավարությունը հրամայել է տարհանել Տեյդե հրաբխի ազգային պարկի պետական ​​հյուրանոցի բնակիչներին, որը գտնվում է Տեներիֆեի կենտրոնում՝ հրդեհային գոտուց  մոտ 50 կիլոմետր հարավարևմուտք։ Դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է բնակվել հյուրանոցում։

Դավիլան տեղեկացրել է, որ ավելի քան 12,000 մարդ տարհանվել է իրենց տներից երեքշաբթի բռնկված հրդեհից հետո: Մինչև շաբաթ օրն այրվել է  ավելի քան 8000 հեկտար սոճու անտառ, սակայն, ըստ Դավիլայի,  կիրակի  այդ ցուցանիշը, հավանաբար, շատ ավելի մեծ կլինի:

Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան, իսկ Դավիլայի տեղեկացմամբ, հրշեջների շնորհիվ մինչ այժմ ոչ մի տուն չի այրվել։

Հրդեհը, որը  Տեներիֆեում տասնամյակների ընթացքում ամենաուժեղն է, սպառնում է 11 քաղաքային շրջանի, որոնք տեղակայված են  զառիթափ և ժայռոտ լեռնային տեղանքի կողքերին: Հրշեջների հասանելիությունը  չափազանց դժվար է։

Վթարային  ծառայությունները հայտնել են, որ օդի որակը անբավարար է քաղաքի 19 շրջաններում և հորդորել են   մարդկանց հնարավորության դեպքում մնալ տանը և դիմակներ կրել դրսում:

Աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 400 հրշեջ  և զինվորական, ինչպես նաև ջուր տեղափոխող 23 ուղղաթիռ և ինքնաթիռ։