Օդերեութաբանները Ֆրանսիայի մայրցամաքային հատվածի 96 դեպարտամենտներից 64-ում հայտարարել են եղանակային վտանգի նարնջագույն եւ դեղին մակարդակ։ Այս մասին տեղեկացրել է Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայությունը։

Նրա տվյալներով՝ «50 դեպարտամենտներում հայտարարվել է կլիմայական վտանգի նարնջագույն (նախավերջին) մակարդակ, եւս 14 դեպարտամենտում հայտարարվել է դեղին մակարդակ»։

Օդերեւութաբանները տեղեկացրել են, որ կիրակի երկրի հարավի շատ կոմունաներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը։ Մասնավորապես, Կարկասոնում (Օդ դեպարտամենտ) ջերմաչափի սյունը բարձրացել է 40,8-ի, Նիմում (Գար դեպարտամենտ)՝ 41-ի, իսկ ռեկորդակիր են դարձել Սալենդրը (Գար դեպարտամենտ) եւ Գրոպիերը (Արդեշ դեպարտամենտ)՝42,2։

Այս առնչությամբ օդերեւութաբանները խորհուրդ են տալիս տեղի բնակիչներին հնարավորության սահմաններում դուրս չգալ փողոց ցերեկվա ժամերին, ավելի շատ ջուր խմել, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել եղանակի հանդեպ առավել զգայուն մարդկանց։