Միացյալ Թագավորությունում մշակել են չորաբեռների տեղափոխման բեռնանավ, որը, ուժասարքի հետ միասին, կունենա նաեւ ծալովի պոլիմերային առագաստներ, որոնց բարձրությունը 37,5 մետր է։ Նախագծողներն ակնկալում են, որ դա թույլ կտա կրճատել վառելիքի ծախսը եւ մթնոլորտ ածխածնի արտանետման ծավալները։
Ինչպես տեղեկացրել է BBC-ն, Pyxis Ocean նավը, որը մշակել է BAR Technologies բրիտանական ընկերությունը, առաջին փորձնական նավարկությունը կկատարի Չինաստանից Բրազիլիա առաջիկայում։
Նշվել է, որ առագաստները թույլ կտան խնայել օրական 1,5 տոննա վառելիք եւ 30 տոկոսով նվազեցնել ածխածնի արտանետումների ծավալները բեռնանավի ծառայության ամբողջ ընթացքում: Այժմ նավագնացության ոլորտին ամբողջ աշխարհում բաժին է ընկնում ածխաթթու գազի համաշխարհային արտանետումների մոտ 2,1 տոկոսը կամ 837 մլն տոննա։
Մասնագետների կանխատեսումներով՝ 2025թ. նոր բեռնատարների կեսը կունենա այդպիսի առագաստներ։ Բայց, Clarksons Research ընկերության տնօրեն Սթիվեն Գորդոնի խոսքով, այդ տեխնոլոգիաները բոլոր նավերին չէ, որ հարմար կլինեն, քանի որ առագաստները կխանգարեն, օրինակ, կոնտեյներով բեռներ տեղափոխող նավերի բեռնաթափմանը։



























