Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Ղազախստանը սահմանափակում է ապրանքների ազատ տեղաշարժը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։
«Ղազախական կողմը խախտում է ԵԱՏՄ միասնական շուկայի գործունեության հիմնարար սկզբունքներից մեկը․ սահմանափակում է ապրանքների ազատ տեղաշարժը»,- ասվում է Էկոնոմիկայի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ասվում է նաև, որ օգոստոսի 24-ին Ղրղզստանի պետական մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին Ղազախստանի կողմից խստացվել են վերահսկողության և տեսչական միջոցառումները, որոնք դանդաղեցրել են բեռնատարների անցումը սահմանով։ «Նման իրավիճակը կրում է համակարգային բնույթ, մինչդեռ ղազախական կողմն ամեն անգամ տարբեր պատճառներ է գտնում դանդաղեցնելու Ղրղզստանից Ղազախստանի Հանրապետության տարածքով բեռնատարների անցումը»,- նշել են նրանք։ Էկոնոմիկայի նախարարությունն ընդգծել է, որ բեռնատարների ուշացումը բացասաբար է անդրադառնում ձեռնարկատերերի աշխատանքի վրա։
Օգոստոսի 23-ին Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (KNB) սահմանային ծառայությունը հայտնել է, որ Ղրղզստանի հետ սահմանի անցակետերում որևէ սահմանափակում չի մտցրել։





























