Հունական հրշեջները շաբաթ օրը երկու հոգու են ձերբակալել` միտումնավոր անտառային հրդեհներ բռնկելու համար, մինչդեռ հարյուրավոր հրշեջներ պայքարում են հրդեհի դեմ, որի հետևանքով զոհվել է 21 մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Եվիա կղզում մեկ տղամարդ է ձերբակալվել՝ կղզու Կարիստոս շրջանում չոր խոտը հրկիզելու համար։ Տղամարդը խոստովանել է, որ հուլիսին և օգոստոսին տարածքում ևս չորս հրդեհ է բռնկել, ասել են հրշեջները:
Երկրորդ տղամարդը ձերբակալվել է Կենտրոնական Հունաստանի Լարիսա շրջանում՝ նույնպես չոր բուսականությունը դիտավորյալ հրկիզելու համար։ Երկու դեպքում էլ տեղեկացվել են դատական մարմինները։
Իշխանությունները հայտնել են, որ վերջին շաբաթվա ընթացքում Հունաստանում մի քանի հրդեհներ են տեղի ունեցել, թեև դեռևս պարզ չէ, թե որն է երկրում ամենամեծ հրդեհների պատճառը, այդ թվում՝ հյուսիսարևելյան Եվրոս և Ալեքսանդրուպոլիս շրջանում, որտեղ մարդիկ են զոհվել:
Կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասի խոսքով՝ հինգշաբթի առավոտյան` չորս ժամվա ընթացքում, Ավլոնայի տարածքում, որը գտնվում է Պարնիթա լեռան հյուսիսային ստորոտին, որը գտնվում է Աթենքի հյուսիս-արևմտյան ծայրամասում և մայրաքաղաքի վերջին կանաչ տարածքներից մեկն է, ինը հրդեհ է բռնկվել։



























