Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել՝ Կորեական թերակղզու երկնքում ներգրավելով առնվազն մեկ ամերիկյան B-1B ռազմավարական ռմբակոծիչ՝ ի պատասխան օգոստոսի 24-ին ԿԺԴՀ հետախուզական արբանյակի արձակման անհաջող փորձի: Այս մասին հայտնում է Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը։

«Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերը և Միացյալ Նահանգներն օգոստոսի 30-ին համատեղ վարժանքներ են անցկացրել Կորեական թերակղզու վրա ամերիկյան B-1B ռազմավարական ռմբակոծիչի տեղակայումից հետո՝ որպես Warrior Shield դաշտային զորավարժությունների մաս՝ Ulchi Freedom Shield զորավարժությունների շրջանակներում, որոնք սկսվել են օգոստոսի 21-ին»,- հայտնել են պաշտպանության նախարարությունից։

Սեուլը նշել է, որ Դեղին ծովի օդային տարածքում ռմբակոծիչն ուղեկցվել է հարավկորեական FA-50 կործանիչներով և ամերիկյան F-16-ներով։ ՌՕԿ-ի զինվորականները հավելել են, որ ընթացիկ զորավարժությունները ցույց են տվել ընդլայնված զսպման ներուժը՝ ԱՄՆ ռազմավարական միջոցների ժամանակին տեղակայման միջոցով՝ ի պատասխան՝ օգոստոսի 24-ի «ինչպես Հյուսիսն է պնդում, կրիչ հրթիռի արձակման»։

Նշվում է, որ ընթացիկ համատեղ ավիացիոն թռիչքը տարեսկզբից տասներորդն է դարձել՝ ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչի ներգրավմամբ։ Բացի այդ, այս զորավարժությունների ընթացքում ամերիկյան B-1B-ը «կարևոր առաքելություն է կատարել Կորեայի Հանրապետության և ԱՄՆ ռազմաօդային ուժերի քողի տակ», ինչը հաստատել է դաշնակիցների «գերազանց համատեղ օպերատիվ կարողությունը»։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և նրա զինված ուժերը պահպանում են պաշտպանական կարողությունները Փհենյանի «տարածաշրջանում ապակայունացնող գործողությունների» ֆոնին և «ուժեղ պատասխան կտան ԿԺԴՀ-ի ցանկացած սադրանքին»: