Ընտրական ձեռներեցների՝ տասովշիկների համակարգը թվում էր, թե 2018-ից հետո պետք է արխիվի մաս հանդիսանա, բայց այդպես չէ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:
«Ես այս քաղաքում եմ ծնվել, մեծացել, գրեթե բոլորին ճանաչում եմ եւ այսօր ՔՊ-ի համար թաղերում այնպիսի մարդիկ են աշխատում, որ 2018-ին լույսի արագությամբ ուզում էին փախնել Հայաստանից, որ չդատվեն: Ու հիմա նենց հպարտությամբ են աշխատում Տիգրան Ավինյանի համար... ես չեմ տեսել, որ այդ մարդիկ այդպես հավեսով աշխատում էին Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ: Բոլոր թաղերում կան: Այդ մարդկանց ես էլ եմ ճանաչում. Երբ հերթական իշխանությունն է, իրենց համար դա ընտրական ձեռներեցություն է: Անհատ ձեռներեցներ են, իրենց բիզնեսով են զբաղվում, մի բան կպցնեն իրենց համար: Այդ պրոցեսը միշտ եղել է եւ հիմա, ցավոք, շարունակվում է:
Եթե դուք քաղաքում ման գաք, վստահեցնում եմ՝ ամեն գարաժի, ամեն մայթի վրա շինության հետեւում մի հատ ընտրական գործընթաց է միշտ: Այդ բուդկեքը պատահական չեն հայտնվել: Երեւանի այլանդակումը հիմնականում ընտրական պրոցեսների հետեւանք է: Ամեն մի ապօրինի շինության հետեւում մի այդպիսի ընտրական ձեռներեց է կանգնած, որը հիմա շարունակվում է»,-ընդգծեց Մեսրոպ Առաքելյանը:





























