Գաբոնի նախագահ Ալի բեն Բոնգո Օնդիմբան տնային կալանքի տակ է։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով աֆրիկյան երկրում իշխանությունը զավթած զինվորականներին։

«Նախագահ Ալի բեն Բոնգո Օնդիմբան գտնվում է տնային կալանքի տակ՝ շրջապատված իր ընտանիքով և բժիշկներով», - ասվում է զինվորականների հաղորդագրության մեջ, որը կարդացվել է հեռուստատեսությամբ: Հաղորդվում է, որ պետության ղեկավարի որդիներից մեկը ձերբակալվել է «պետական ​​դավաճանության համար»։

Զինվորականների հայտարարության մեջ նշվում է նաև, որ բացի Գաբոնի նախագահից, ձերբակալվել են ևս մի քանի մարդ, այդ թվում՝ կառավարության անդամներ։

Ավելի վաղ զինվորականները հայտարարել էին, որ լուծարել են բոլոր պետական ​​մարմինները և ստեղծել անցումային շրջանի և հաստատությունների վերականգնման կոմիտե, որն ամբողջությամբ ստանձնել է Գաբոնում իշխանությունը։