Կոսովոյում հայ խաղաղարարների վիրավորվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղարար բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց նման տեղեկությունները:
«Այսօր առավոտվա դրությամբ զեկուցել են ինձ եւ ամեն ինչ նորմալ է: Նման բան ուղղակի չկա: Պատասխանատու հայտարարություն եմ անում: Եթե նման բան լիներ, հիմա արդեն մեծ աղմուկ կլիներ»,- նշեց խաղաղարար բրիգադի հրամանատարը:
Վերջինս նշեց, որ վերջին օրերին միայն մեկ հայ զինվորի են ուղեկցել բուժմաս, ում բուժել են, սակայն վերջինիս առողջական խնդիրը ծառայության հետ կապված չի եղել, անգամ վնասվածք էլ չի եղել:
Նշենք, որ ֆրանսիայում հրատարակվող «Nouvelles d`Arménie» պարբերականը գրել էր, թե օրերս ՆԱՏՕ-ի չորս զինծառայողներ, այդ թվում հայ խաղաղարարներ, եւ վեց սերբեր վիրավորվել են բռնության արդյունքում, երբ KFOR ուժերը ապամոնտաժում էին Սերբիայի սահմանին Ջարինջա անցակետի մոտ կառուցված բարիկադները: Նշվում էր, որ վիճակն այդ տարածքում բավական լարված է, եւ պարբերաբար բախումներ են լինում սերբերի եւ կոսովցի ալբանացիների միջեւ:




























