Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով կրթության նախարար Գաբրիել Ատալի ուղեկցությամբ ուղևորվել էր Ֆրանսիայի հարավային Օրանժ քաղաքի լիցեյ՝ նշելու ուսումնական տարվա մեկնարկը, բողոքի ցույցերով են դիմավորել, հայտնում է France 3 հեռուստաալիքը։

«Մակրոնի դեմ բողոքի ցույց են կազմակերպել ծայրահեղ աջ ու ձախ կուսակցությունները, ինչպես նաև արհմիությունները»,- հայտնում են լրատվամիջոցները։

Բողոքի ցույցի կոչ էր արել «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա» (CGT) արհմիությունը, որին միացել էր նաև ուսուցիչների արհմիությունը (FSU)։ Ցուցարարները հավաքվել են երկաթուղային կայարանում՝ լիցեյից մեկ կիլոմետր հեռավորության վրա, ուր պետք է այցելեր Մակրոնը՝ բողոքելու նրա քաղաքականության դեմ։ Նրանք դատապարտում են աճող գնաճի ֆոնին աշխատավարձերի անբավարար վերագնահատումը։

«Մեր նախագահը գաղափարապես բավականին համառ է, շատ դոգմատիկ և միշտ հրաժարվել է հանրային երկխոսությունից։ Մենք հուսով ենք, որ ցույցերի օգնությամբ   կկարողանանք ստիպել կառավարությանը հրաժարվել մի շարք նախաձեռնություններից»,- հեռուստաալիքին ասել է FSU-ի տարածաշրջանային քարտուղար Սիլվան Բարտեն: