Հարավային Օսիայի իշխանությունները հանրապետության սահմանամերձ Լենինգորսկի շրջանի  միայնակ ու տարեց բնակիչների հարազատներին թույլ է տվել անցնել Վրաստանի հետ սահմանը՝ նրանց օգնելու համար։ Որոշումն ընդունել է Հարավային Օսիայի Անվտանգության խորհուրդը, նիստը վարել է հանրապետության նախագահ Ալան Գագլոևը։

Անդրկովկասյան հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ, Գագլոևը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել է Լենինգորսկի շրջանի  միայնակ ու տարեց բնակիչների հարազատներին Ռազդախանի անցակետով պետական ​​սահմանը հատելու  անցագրեր տրամադրելու հարցը:  

«Անվտանգության խորհրդի որոշմամբ Լենինգորսկի շրջանի միայնակ և տարեց բնակիչների հարազատներին թույլատրվում է միանվագ անցագրեր տրամադրել Ռազդախանի անցակետով պետական ​​սահմանը պարզեցված կարգով հատելու համար՝  մինչև ձմեռային շրջանը վերը նշված քաղաքացիների տնտեսական խնդիրների լուծմանն աջակցելու համար՝ համաձայն Հարավային Օսիայի Հանրապետության պետական ​​անվտանգության կոմիտեի հետ համաձայնեցված ցանկի, անցագրերի տրամադրման օրվանից երեք ամիս ժամկետով», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Որոշման կատարման վերահսկողությունը վստահված է Հարավային Օսիայի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Անատոլի Պլիևին։

Հարավային Օսիայի սահմանը Վրաստանի հետ փակ է 2019 թվականի սեպտեմբերից՝ Հարավային Օսիայի Ուիստա գյուղի մոտ վրացական անցակետի տեղադրման հետևանքով սահմանային գոտում սրված իրավիճակի պատճառով։ Անցյալ տարվա օգոստոսին Հարավային Օսիայի Անվտանգության խորհուրդը սահմանամերձ շրջանների բնակիչներին թույլ է տվել  յուրաքանչյուր ամսվա 20-ից 30-ը հատել Վրաստանի հետ սահմանը։