Գերմանիայի կառավարությունը մտահոգված է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող անկայուն իրավիճակով և հատկապես հումանիտար չլուծված խնդիրներով։ Այս մասին սեպտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վոլֆգանգ Բյուխները, տեղեկացնում է DW-ն։
«Ուստի Գերմանիայի կառավարությունը կոչ է անում բոլոր պատասխանատու անձանց ապահովել սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին», - ավելացրել է Բյուխները։ Դրա համար, ըստ Բեռլինի, պահանջվում է բացել Լաչինի միջանցքը մարդկանց և բեռների անցման համար։
Գերմանական կառավարությունը Բաքվին և Ստեփանակերտի ներկայացուցիչներին կոչ է արել վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի շուրջ և, առաջին հերթին, պայմանավորվել մարդասիրական կարևոր բեռների փոխադրման միջոցների և ընթացակարգերի շուրջ, այդ թվում՝ լրացուցիչ ուղիներ բացել տեղական բնակչությանը կենսական նշանակության ապրանքներով մատակարարելու համար։ «Նման երկխոսությունը շատ կարևոր է, այն պետք է սկսել»,- ասել է Վոլֆգանգ Բյուխները և վստահեցրել, որ «այս ծայրահեղ իրավիճակում Գերմանիայի կառավարությունը կապի մեջ է և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ՝ ջանքեր գործադրելով իրավիճակը բարելավելու համար»։
Այս կապակցությամբ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հիշեցրել է Քիշնևում տեղի ունեցած վերջին հանդիպումը, որին մասնակցում էին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նույն կազմով հաջորդ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի սկզբին իսպանական Գրանադայում։





























