Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է կոալիցիոն կրտսեր գործընկերներից մեկի՝ փակ ատոմակայանների օգտագործման հնարավորությունը թույլատրելու առաջարկը՝ ասելով, որ Գերմանիան վերջ է տվել միջուկային էներգիային, հայտնում է The Associated Press-ը։

Ապրիլին Գերմանիան փակեց իր վերջին երեք միջուկային ռեակտորներն՝ ավարտին հասցնելով մի գործընթաց, որը լայն քաղաքական աջակցություն ստացավ՝ 2011 թվականին Ճապոնիայում Ֆուկուսիմայի աղետից հետո: Այնուամենայնիվ, ոմանք կողմ են որոշման վերանայմանն այն բանից հետո, երբ ուկրաինական պատերազմի պատճառով էներգակիրների գները բարձրացան:

Հետաձգման կողմնակիցների թվում էին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները, որը բիզնեսի կողմնակից կուսակցություն է, որը Շոլցի իշխող կոալիցիայի մաս է կազմում:

Այս շաբաթ «Ազատ դեմոկրատներ» խորհրդարանական խմբակցությունը հավանություն տվեց ծրագրային հայտարարությանը, որում ասվում է, որ այն ցանկանում է դադարեցնել ատոմակայանների ապամոնտաժումը, որոնք դեռևս օգտագործելի են՝ որպես վատագույն սցենարներին նախապատրաստվելու ջանքերի մի մաս: «Միայն այս կերպ մենք կպահպանենք ցանկացած իրավիճակում գործելու կարողությունը», - ասվում է հայտարարության մեջ:

Շոլցը մերժեց այդ առաջարկը շաբաթ օրը Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Միջուկային էներգիային վերջ է տրված։ Գերմանիայում միջուկային էներգիայի հարցը սատկած ձի է։ Նոր ատոմակայաններ կառուցել ցանկացողին 15 տարի և յուրաքանչյուրի համար 15-20 միլիարդ եվրո է պետք»,- ասել է նա։