Եվրոպան բախվել է «կրկնակի ճգնաժամի» հետևանքներին, սակայն տարածաշրջանը կարող է խուսափել հետընթացից, CNBC-ին ասել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
«Կարծում եմ, որ մենք բախվում ենք կրկնակի ճգնաժամի հետևանքների հետ»,- ասել է Ջենտիլոնին՝ նկատի ունենալով Ուկրաինայում պատերազմի աշխարհաքաղաքական հետևանքները և դրան հաջորդած տնտեսական հարվածը եվրոպական մայրցամաքին:
«Աշխարհաքաղաքական տեսանկյունից (ճգնաժամը) ներգործել է, իհարկե, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի վրա, բայց տնտեսական տեսանկյունից այն լրջորեն ազդել է Եվրոպայի և մասնավորապես Գերմանիայի վրա»,- ասել է նա։
Անցյալ տարվա փետրվարին Ուկրաինայում հակամարտության բռնկումը լուրջ մտահոգություններ է առաջացրել Եվրոպայում, որ տարածաշրջանը տնտեսապես զգալի անկում կունենա:
Այդ ժամանակվանից, սակայն, տարածաշրջանը կարողացել է ապահովել այլընտրանքային էներգիայի մատակարարումներ, որոնք մինչ այդ հիմնականում գալիս էին Ռուսաստանից, իսկ որոշ կառավարություններ կարողացել են օգնել սպառողներին, ովքեր էներգիայի բարձր ծախսերի խնդիրներ ունեն:
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, 2022 թվականին եվրագոտու տնտեսությունն աճել է 3,5%-ով։ Հաստատությունն ակնկալում է, որ եվրագոտու աճի տեմպն այս տարի կկազմի 0,8%, իսկ 2024 թվականին՝ 1,4%:
«Մենք հիանալի 2022 թվական ենք ունեցել, ավելի բարձր աճ, քան ԱՄՆ-ը և Չինաստանը», - ասել է Ջենտիլոնին:
«Դանդաղումը սկսվել է 2022 թվականի վերջին եռամսյակից, և այն ակնհայտ է, բայց խնդրում եմ դա մի անվանեք հետընթաց, քանի որ կարծում եմ, որ մենք կարող ենք խուսափել դրանից», - ավելացրել է նա:
Եվրահանձնաժողովը՝ ԵՄ գործադիր մարմինը, սեպտեմբերին հրապարակում է տնտեսական նոր կանխատեսումներ ողջ տարածաշրջանի համար։ Դրանք պատկերացում կտան այս տարածքում աճի պատկերի մասին:
Այնուամենայնիվ, վերջին տնտեսական տվյալները մտահոգություններ են առաջացրել աճի տեմպերի դանդաղման վերաբերյալ: Օրինակ, Եվրոպայում բիզնես ակտիվությունը օգոստոսին իջել է մինչև 2020 թվականի նոյեմբերից ի վեր ամենացածր մակարդակը։
«Ինչո՞ւ է մեր տնտեսությունը համավարակից ուժեղ վերականգնումից հետո դանդաղում: Կարծում եմ՝ էներգետիկ անկախություն ձեռք բերելու պատճառով, որը շատ թանկ նստեց մեր ընտանիքների վրա և խթանեց արժեզրկումը»,- ասել է Ջենտիլոնին:




























