Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, թե, իբր, երեկ երեկոյան երկրի տարածքում ռուսական անօդաչու թռչող սարքեր են ընկել։ 

«Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է այն տեղեկությունը, որ սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, իբր, ռուսական անօդաչու թռչող սարքեր են ընկել Ռումինիայի ազգային տարածքում»,- ասվում է Ռումինիայի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Ընդգծվում է, որ «Ռուսաստանի Դաշնության կիրառած հարձակողական միջոցներն ուղղակի ռազմական սպառնալիք չեն ստեղծել Ռումինիայի ազգային տարածքի կամ տարածքային ջրերի համար»։

Պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, որ ձեռնարկել է «միջոցառումներ՝ ուժեղացնելու զգոնությունը» ցամաքում, ծովում և օդային տարածքում, ինչպես նաև ուժեղացնում է պաշտպանությունը արևելյան թևում՝ «համաձայն ազգային և դաշնակցային պլանների»։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ անցած գիշեր Ռուսաստանի Դաշնությունը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել է Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում գտնվող ուկրաինական նավաշինական ձեռնարկության վրա, որտեղ ներկրված բաղադրիչներից անօդաչու նավակներ էին հավաքում։