Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել դիվանագիտական համարանիշներով Range Rover Sport մակնիշի ավտոմեքենա, հաղորդում է Shamshyan.com-ը: 

ՊԾ Երևան քաղաքի գնդում տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը, իրեն համարելով արտոնյալ, Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարում է երբեմն հանդիպակաց գոտիով, անցնում է կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար, այն հույսով, որ ավտոմեքենայի վրա փակցված դիվանագիտական համարներն անձեռնամխելի է և ինքը կարող է կոպիտ կերպով խախտումներ անի և մնա անպատիժ։

Երեկ՝ ժամը 02։20-ի սահմաններում, ավագ պարեկ Ռ․ Եղիազարյանն ու պարեկ Վ․ Սարգսյանը Գայի պողոտայում նկատում են, որ նշված Range Rover-ի վարորդը մեծ արագությամբ, բարձր երաժշտությամբ երթևեկում է։

Պարեկները բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնի, սակայն ոչ միայն չի ենթարկվում պարեկների օրինական կանգառ հրահանգին, այլև դիմում է փախուստի՝ ավտոմեքենան վարելով երբեմն հանդիպակաց, չկանգնելով նույնիսկ կարմիրի տակ։

Ի վերջո, Բագրևանդի փողոցում «Մատրյոշկա» ակումբի մոտ պարեկները կանգնեցնում են նրան, որից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարծք։

Ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հաշվեկշռում, վարորդն էլ 47-ամյա Դավիթ Կ․-ն է։