Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիտում 1,6 մլրդ դրամի բյուջետային վարկ տրամադրեց «Սահակյանշին» ՓԲԸ-ին՝ Վեդիի ջրամբարի կառուցումն ավարտելու նպատակով, նաեւ մեղմացնող միջոցառում կիրառեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներով ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվում է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակագրի կառուցում» ծրագիրը, որի շրջանակներում «Սահակյանշին» ՓԲԸ- «ՊԵԳԱ Քընսթրաքշն» ԲԸ (Իրան) ՀՁ-ի հետ կնքվել է «Վեդի պատվարի և օժանդակ կառուցվածքների նախագծում և կառուցում» պայմանագիրը՝ աշխատանքների մեկնարկ սահմանելով 2017 թվականի մարտի 1-ը՝ 48 ամիս տևողությամբ։
Պայմանագրով նախատեսվում է ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքում կառուցել Վեդու 29,4 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարը՝ մասնավորապես երկու պատվարները, վարարային ջրհեռը, ցեմենտացիոն վարագույրը, ոռոգման կուլվերտը, ջրառ և ջրտուք հանգույցները, հիդրոմեխանիկական և հսկիչ-չափիչ սարքավորումներն ու հեռակառավարման ՍԿԱԴԱ համակարգը։
Պայմանագրի մեկնարկի ամսաթվից մինչև օրս իրականացվել են ընդհանուր աշխատանքների ավելի քան 94 %-ը։
Պայմանագրի իրականացման ընթացքում Ընկերության մոտ ի հայտ եկան ֆինանսական խնդիրներ, պայմանավորված կորոնավիրուսային վարակով, պատաերազմական իրավիճակով, շինարարական նյութերի թանկացմամբ, նաեւ եվրոյի փոխարժեքը կտրուկ անկմամբ:
Այժմ կապալառուն խնդրել է վերանայել Պայմանագրային դրույթները՝ ՀՀ դրամի նկատմամբ եվրոյի փոխարժեքի հետևանքով վնասները փոխհատուցելու, պայմանագրով նախատեսվող տույժ-տուգանքները մեղմելու և բյուջետային վարկ տրամադրելու նպատակով:
Հաշվի առնելով ուսումնասիրությունների արդյունքները` առաջարկվում է, որպես փոխարժեքի նվազման բացասական ազդեցությունը մեղմացնող միջոցառում, կիրառել 1 եվրո = 500 դրամ փոխարժեքը:
Ընկերությանն առաջարկվում է վճարումները կատարել Պայմանագրով նախատեսված՝ ՀՀ ԿԲ-ի սահմանած փոխարժեքի փոխարեն իրականացնել՝ հաշվարկների հիմքում կիրառելով 1 եվրո=500 ՀՀ դրամ փոխարժեքը։
Բացի այդ, որոշվել է 2023 թվականի պետական բյուջեից Ընկերությանը տրամադրել 1,6 մլրդ դրամի բյուջետային վարկ:
Միաժամանակ կշարունակվի Պայմանագրով նախատեսված ուշացման տույժերի հաշվարկման մեղմացված մեթոդը, պայմանով, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի դեկտեմբերին։
Ակնհայտ է, որ պայմանագրով նախատեսված տույժ-տուգանքների (ավելի քան 2․9 մլն եվրո) կիրառումն էլ ավելի կվատացնի Ընկերության ֆինանսական վիճակը, որի հետևանքով առնվազն կերկարաձգվի շինարարական աշխատանքների ավարտման ժամկետը, ի հայտ կգան Ընկերության սնանկացման և Պայմանագրի լուծման ռիսկեր։





























