Երևանի ավագանու ընտրության քվեարկության օրը ԿԸՀ-ում արդեն իսկ մուտքագրվել է մեկ հարցում էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, և մեկ դիմում ստացվել է ԿԸՀ էլեկտրոնային հասցեին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԿԸՀ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։ Նա նշեց, որ այս դիմումը և հարցումը գտնվում են քննարկման փուլում։
Ներկայացնելով մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, նա ասաց, որ Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ի վեր մինչև քվեարկության օրը ԿԸՀ ստացվել է 101 դիմում գրություն։
Նշված դիմումներից թվով 14-ը կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված ընտրական ցուցակները գրանցելու պահանջով դիմումներն են: Բոլոր դիմումները բավարարվել են, և այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են թվով 13 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: Թվով 45 դիմումներ վերաբերել են հավատարմագրման գործընթացին, որոնցից 40-ը ներկայացվել է տեղական ԶԼՄ-ների կողմից, և թվով 5 դիմումները վերաբերել են դիտորդական առաքելություն իրականացնելու համար հասարակական կազմակերպությունների հավատարմագրմանը: Դրանցից երեքը տեղական կազմակերպություններից են ներկայացվել, երկուսը՝ միջազգային կազմակերպություններից: Որևէ դիմում չի մերժվել:
6 դիմում է ներկայացվել ինքնաբացարկի վերաբերյալ: Դրանք ներկայացվել են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների կողմից:
12 դիմում հանդիսացել են տեղեկատվության հարցում, որոնց մեծ մասը առնչվել է իրականում ընտրողների ցուցակներին, թե որտեղ պետք է քվեարկեն, քանի որ փոխել են գրանցման վայրը։
«Մեկ դիմումով նշվում էր, որ անհայտ անձինք են գրանցվել մի հասցեում և, քանի որ ընտրողների ցուցակներով զբաղվում է ոստիկանությունը, ապա նրան է վերահասցեագրվել այդ դիմումը: Մեկ դիմումով պահանջվում էր պարզաբանել, թե արդյոք օրենքին համապատասխան են իրականացվել նախընտրական հիմնադրամներից կատարվող ծախսերը: Այդ հարցն առաջացել էր կուսակցությունների և դաշինքի կողմից տրամադրված հայտարարագրերը հրապարակելուց հետո: ԿԸՀ-ն միջոցներ է ձեռնարկել և առկա տեղեկատվությունն այդ կապակցությամբ ներկայացրել է, ընդ որում՝ մատնանշվել է, որ խախտում առկա չի եղել»,- ասաց նա։
Լ.Հակոբյանն ասաց, որ մնացած դիմումներն առնչվել են նախընտրական քարոզչության սահմանած կարգի պահպանմանը, որոնց դեպքում նյութերը կամ ուղարկվել են իրավապահ մարմիններին, կամ մյուս դեպքերում ԿԸՀ-ն ձեռնարկել է օպերատիվ միջոցներ՝ պարզելու ներկայացված հանգամանքները, թե արդյոք առկա են խախտումներ: Եղել է իրավիճակ, երբ ԿԸՀ-ն արձանագրել է խախտում, սակայն միջոցներ ձեռնարկելու պահին խախտումը արդեն վերացված է եղել, ուստի դրա վերաբերյալ դիմումատուն իրազեկվել է։
Նա հայտնեց նաև, որ ԿԸՀ-ն ստացել է դիմում այն հանգամանքների առնչությամբ, որոնց վերաբերյալ արդեն նյութեր է ուղարկած եղել իրավապահ մարմիններին:





























