Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ եւ Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը դիմել է Եվրոպայի Ֆուտբոլային Ասոցիացիաների /ՈՒԵՖԱ/ նախագահ Միշել Պլատինիին, Եվրոպայի հայ ֆուտբոլասերների անունից` խնդրանքով վերլուծել Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարների կողմից թույլ տրված սխալները, եւ անպայմանորեն նշանակել վերախաղարկում: Նամակում, մասնավորապես ասվում է.

«Հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայացած Իռլանդիա-Հայաստան Եվրոպա 2012թ-ի ընտրական խաղի ընթացքում Իտուրալդե Գոնսալեսի կողմից թույլ են տրվել աղաղակող սխալներ, որոնք խաղի արդյունքի վրա ունեցան որոշակի ազդեցություն: Դատավարության արդյունքները թողել են խորը բացասական տպավորություն ողջ աշխարհի հայերի վրա:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահն Եվրոպայի հայկական սփյուռքի անունից դիմում է Ձեզ պահանջով` գնահատել տվյալ խաղի դատավորական կազմի աշխատանքը եւ համապատասխան միջոցներ կիրառել նրանց պատժի ենթարկելու համար, ինչպես նաեւ նշանակել վերոհիշյալ խաղի վերախաղարկում: Ստեղծված իրավիճակի ազնիվ եւ ճիշտ լուծման միակ տարբերակը հանդիսանում է միայն խաղի վերախաղարկումը, եւ այս լուծմանը հետամուտ են ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրոպայի ու հայկական համաշխարհային սփյուռքի բոլոր ներկայացուցիչները:

ՈՒԵՖԱ-ի ղեկավարության ազնիվ եւ սկզբունքային մոտեցումները, որոնց ականատես ենք եղել Ձեր նախագահության ողջ ընթացքում, մեծարգո պարոն Պլատինի, թողել է բարձր տպավորություն եւ հույս է տալիս մեզ ականատես լինելու արդարության արագ վերականգմանը:

Մենք հավատում ենք Ձեզ եւ անհամբեր սպասում Ձեր պատասխանին»:

Նշենք, որ հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայացած հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով հօգուտ իռլանդացիների: Իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը դաշտից հեռացրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն` պատճառաբանելով, թե նա ձեռքով է խաղացել: Մրցավարի այս եւ այլ վիճահարույց գործողությունները զգալիորեն ազդեցին խաղի ընթացքի եւ արդյունքի վրա: