Թուրքիան կարող է ընդլայնել Սիրիայի հյուսիսում օդային գործողությունների շրջանակը՝ ուղղված հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և դրա տեղական թևի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի՝ (SND) այնտեղ տեղակայված ուժերի դեմ։ Թուրքաին նաև նախատեսում է ընդլայնել Սիրիայում և Իրաքում տեղակայված իր ռազմակայանների պատասխանատվության տարածքները, գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ Սիրիայում օդային գործողությունները կիրականացվեն հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը նույն կերպ կգործեն Հյուսիսային Իրաքում՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով մարտական ​​ինքնաթիռներ։ Թուրքիան գործելու է արտգործնախարար Հաքան Ֆիդանի հոկտեմբերի 4-ի հայտարարության լույսի ներքո, որ հոկտեմբերի 1-ին Անկարայում ՆԳՆ կենտրոնակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Սիրիայում և Իրաքում PKK-ի բոլոր ենթակառուցվածքներն ու օբյեկտներն այժմ Անկարայի օրինական թիրախներ են։ Սիրիայի հյուսիսում օդային գործողությունները կդառնան «առօրյա», գրում է թուրքական թերթը։

Ըստ Hurriyet-ի՝ Անկարան ավարտել է տարբեր սցենարների հիման վրա հարակից տարածքներում գործողություններ իրականացնելու պլանների նախապատրաստումը։ Առաջնահերթություններից է Սիրիայի և Իրաքի հետ սահմաններից ահաբեկիչների ամբողջական մաքրումը։ Այս ուղղությամբ առաջնային թիրախը Հյուսիսային Իրաքի Զապ շրջանն է, որտեղ PKK-ն զգալի կորուստներ է կրել, իսկ Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Ռիֆաթ շրջանում գործողություն է նախապատրաստվում, նշում է թերթը։

Ըստ Hurriyet-ի՝ հոկտեմբերի 1-ից թուրքական բանակը Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է PKK-ի 58 օբյեկտ և սպանել 37 զինյալի, սակայն այդ թիվը հոկտեմբերի 5-ի երեկոյան Սիրիայի հյուսիսում ավիահարվածից հետո կարող է աճել։