Իսրայելի Պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ բանակը վերականգնել է վերահսկողությունը Գազայի սահմանային համայնքների մեծ մասի վրա, որտեղ ներթափանցել էին ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի զինյալները, հաղորդում է Haaretz-ը:

Մասնավորապես, իսրայելական բանակի վերահսկողությունը վերականգնվել է Սդերոտ, Սոֆա, Քերեմ Շալոմ, Նիրիմ, Նազիվ Հատարա, Նիր Օզ, Նահալ Օզի ֆորպոստ, Հուլիտ, Նիր Ամ, Նիր Յիցհակ, Բեեր Շևա, Սդե Եմեն, Մագեն և Ուրիմ բնակավայրերի նկատմամբ։

Իսրայելի զինվորականները շաբաթ օրը կեսօրին հաստատել են, որ «զգալի» իսրայելցի խաղաղ բնակիչներ և զինվորականներ  ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Գազայի հատվածում պատանդ են պահվում:

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը ազգային արտակարգ դրություն է հայտարարել, որն ուժի մեջ կմտնի երեկոյան, և կոչ է արել ողջ երկրում հավաքագրել բոլոր կամավոր ոստիկաններին։ 

Բացի այդ, Իսրայելը և Պաղեստինը ներկայացրել են սրացող հակամարտության հետևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ վերջին տվյալները։

Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 250 իսրայելցի է մահացել, 1452 մարդ հոսպիտալացվել է։ Միաժամանակ 18 վիրավորի վիճակը կրիտիկական է, 267-ը՝ ծանր։

Al Jazeera-ի տվյալներով՝ զոհվել է 232 պաղեստինցի, վիրավորվել՝ 1697-ը։

Շաբաթ առավոտյան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հրթիռակոծել է Իսրայելը։ Իսրայելական կողմը նույնպես հայտնել է  իր տարածք ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալների ներթափանցման մասին։

Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Իսրայելը հայտարարել է «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հայտարարել է «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության մեկնարկի մասին։

Խմբավորումն իր գործողությունները բացատրել է իսրայելական ուժերի կողմից շարունակվող ագրեսիայով և օկուպացմամբ, ինչպես նաև պաղեստինյան սուրբ Ալ-Աքսա մզկիթի դեմ շարունակվող սադրանքներով։