«Ժառանգություն» կուսակցությունն այսօր` հոկտեմբերի 19-ին, քաղաքացիական ֆորում է կազմակերպել Գյումրիում: Հանդիպումը կայացել է Գյումրիի տիկնիկային թատրոնի շենքի դահլիճում: Ելույթ է ունեցել ինչպես «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այնպես էլ վարչության անդամներ: Կուսակցության ներկայացուցիչներն անրադարձել են երկրում ծայր առած սոցիալ տնտեսական խնդիրներին, արտագաղթի մեծացող չափերին, այնպես էլ քաղաքական հարցերին: Ժառանգության ներկայացուցիչները հանդիպումն համարել են հաշվետվություն:
«Սա կուսակցության 4 տարվա հաշվետվությունն է, իմ կարծիքով մենք գործել ենք, Գյումրիում եւս ակտիվ ենք եղել եւ բաց ճակատով ներկայանում ենք գյումրեցիներին»,-ներկայացրել է ԱԺ-ի «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «պահը պատմական է եւ մենք իրավունք չունենք նորից սխալվելու: Մի բուռ ազգ ենք եւ մեզ կփրկի միայն համախմբումը»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորՍտեփան Սաֆարյանը նշել է, որ «անցնելով կեղծված ընտրությունների միջով, «Ժառանգությունը» 4 տարի շարունակ եղել է մեն-մենակ ընդդիմություն Խորհրդարանում»:
Պատգամավորը կարեւորել է հատկապես առաջիկա խորհրդարանական ընտրություների դերը երկրի հետագա զարգացման առումով.«Լինեն դրանք արտահերթ, թե հերթական, դրանք շատ կարեւոր են եւ կանխորոշելու են մեր երկրի հետագա ընթացքը առաջիկա մի քանի տարիներին»,-ասել է Սաֆարյանը:
Իր հերթին, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է. «Իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը խոսքերից այն կողմ չի անցնում, պայքարը կոռուպցիայի, ինչպես նաեւ մենաշնորհներ վերացումը մնում է թղթի վրա»:




























