ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 23-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 40 հարց:

Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:

Չի ընդունվել «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագիծը: