Նախագահ Ջո Բայդենը մանրակրկիտ հետաձգում էր Գազայի հատված ներխուժումը, տեղեկացրել է Axios-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Բայդենն օգտագործել է բարձրամակարդակ այցելությունները (նաեւ իրենը), ռազմական եւ հանրային աջակցությունը, որպեսզի ժամանակ շահի։ Նա նաեւ հստակ հասկացրել է, որ Ամերիկան չի ցանկանում, որ Իսրայելը գործի հուզախառն կամ առանց ԱՄՆ շահերի հաշվառման։

Դանդաղումը բխում է հինգ ռազմավարական խնդիրներից։ Բայդենը ցանկանում է, որ ավելի շատ օգնություն հասցվի որքան հնարավոր է շատ պաղեստինցիների, որպեսզի սահմանափակվի հումանիտար ճգնաժամը եւ զանգվածային գլոբալ բացասական արձագանքը։

Նա ցանկանում է, որ ԱՄՆ 500+ քաղաքացիները, որոնք հայտնվել են Գազայի ծուղակում, հեռանան այնտեղից մարտական գործողությունների ակտիվացումից առաջ։ Նրանց դուրս բերելու մի քանի փորձերը ձախողվեցին, մասամբ այն պատճառով, որ ՀԱՄԱՍ-ը թույլ չտվեց ամերիկացիներին հեռանալ երկրից, ասում են պաշտոնատար անձինք։

Նրան ավելի շատ ժամանակ է պետք, որպեսզի ամրացնի Ամերիկայի ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում՝ նկատի ունենալվբ աճող մտավախությունները, որ Իրանը կամ նրա կողմից աջակցվող ահաբեկչական խմբերը կհարձակվեն Իսրայելի վրա։

Նա զգուշանում է, որ Գազայի հատվածի վրա Իսրայելի արագ հարձակումը կհանգեցնի երկարատեւ ու արյունալի փողոցային պայքարի, երբ կարող են զոհվել տասնյակ հազարավոր մարդիկ, բայց ՀԱՄԱՍ-ը չի ոչնչանա։ Դա կարող է «Հեզբոլլահին» դրդել մտնել պատերազմի մեջ, եւ ամերիկացիները տարածաշրջանում կհայտնվեն սպառնալիքի տակ։

Նա ցանկանում է ժամանակ շահել Նեթանյահուի համար, որը դանդաղելու պատճառներ ունի։ Նեթանյահուն միշտ խուսափել է ռիսկից։ Նա թերահավորեն է վերաբերվում Իսրայելի ռազմական պլաններին, եւ նրան ժամանակ է պետք։ Ուստի նա լսում է այլ կարծիքներ։ Նա նաեւ պատրաստ է ավելի շատ ժամանակ տրամադրել պատանդների ազատման բանակցություններին։

Իսրայելցի զինվորականները կորցնում են համբերությունը ուշացման պատճառով։ ՑԱԽԱԼ-ի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գերցի Հալեւին երեքշաբթի հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ը պատրաստ է ցամաքային գործողության եւ սպասում է կառավարության հրամանին։

Զինվորական ղեկավարները ցանկանում են հարված հասցնել ցամաքում, որպեսզի վրեժ լուծեն ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գրոհի համար։

Բայց Ամերիկայի հաշվարկները ավելի բարդ են։ Բայդենը ցանկանում է ազատել ամերիկացի պատանդներին եւ հասնել ավելի մեծ թվով գերի իսրայելցիների ազատման։ ԱՄՆ պաշտոնատար անձինք կարծում են, որ առաջընթացը ձեռք է բերվել։

Բայդենը կիսում է Բիբիի անհանգստությունը Իսրայելի պլանի հետ կապված։ Բայդենը ցանկանում է, որ իսրայելական ներխուժումը ավելի շատ նման լինի 2016թ. Մոսուլին, այլ ոչ թե 2004թ. Ֆալուջային։ Դրա համար էլ նա ուղարկեց ծովային հետեւակի գեներալ-լեյտենանտ Ջեյմս Գլինային՝ Մոսուլի վետերանի, որ խորհուրդներ տա իսրայելցիներին ռազմական պլանավորման հարցերում, ասում են ամերիկացի պաշտոնյաները։

Ինչպես հայտնի է դարձել Axios-ին, պետքարտուղար Բլինքենը ամերիկյան հրեա առաջնորդների խմբին ասել է. «Մենք Իսրայելին չենք սահմանափակում եւ չենք ասում ինչ անի։ Մենք դժվար հարցեր ենք տալիս եւ լավ խորհուրդներ՝ հիմնված մեր սեփական փորձի վրա»։