Բույսերի եւ կենդանիների լուսանկարների տեղադրումը սոցցանցերում կարող է օգնել կենսաբազմազանության պաշտպանությանը, հատկապես մերձարեւադարձային տարածաշրջաններում։ Այս եզրակացության է եկել միջազգային խումբը, որը գլխավորել են Կենսաբազմազանության ինտերակտիվ հետազոտություններրի գերմանական կենտրոնը, Հելմհոլցի անվան բնապահպանական հետազոտությունների կենտրոնը, Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանը եւ Քվինսլենդի համալսարանը։ Եռամաս հետազոտությունը հրապարակվել է BioScience, One Earth եւ Concervation Biology ամսագրերում։

Գիտնականները սոցցանցերում հավաքել են բնության վերաբերյալ լուսանկարները, որոնք արվել են Բանգլադեշում։ Հավաքված տեղեկությունը մտցվել է Կենսաբազմազանության գլոբալ տեղեկատվական ֆոնդի ընդհանուր պուլ։

Հետազոտողների խումբը հավաքել է ավելի քան 44 հազար գրառում հազար տեսակի կենդանիների մասին, որոնցից 288-ը անհետացման եզրին է։ Տվյալների ավելի քան 25 տոկոսը ստացվել է սոցցանցերի խմբերից, տեղեկությունների կեսից ավելին վերաբերել է թիթեռներին եւ թռչուններին։

«Եթե մենք օգտագործեինք միայն GBIF-ի տվյալները, մենք բաց կթողնեինք հարյուրավոր անհետացող տեսակների մասին տեղեկությունները»,- նշել է դոկտոր Շավան Չոուդհուրին։

Գիտնականները տվյալների շտեմարաններն օգտագործելով՝ ստեղծել են կենդանիների տարբեր տեսակների համար հատկապես հարմար վայրերի քարտեզ եւ այն համեմատել գոյություն ունեցող պահպանվող տարածքների հետ։

Բանգլադեշի տարածքի միայն 4,6 տոկոսն է ներկայում համարվում արգելոցային, որոնց մեծ մասը գտնվում է երկրի հարավ-արեւմուտքում։

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, անհետացման եզրին հայտնված բոլոր տեսակների համար պահպանվող տարածքների բավականաչափ քանակություն ապահովելու նպատակով Բանգլադեշում պետք է ավելացվի պահպանվող տարածքը (39 տոկոս), եւ այդ տարածքները պետք է բաշխվեն ամբողջ երկրում։