Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը կարգադրել է դադարեցնել միջոցների փոխանցումը Պաղեստինի ինքնավարությանը։ Նա կոչ է արել կաբինետին վերանայել միջոցների փոխանցման հետ կապված իր քաղաքականությունը՝ հաշվի առնելով այն, որ ինքը այդ քաղաքականությունը գնահատում է որպես «աջակցություն» ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությանը:

«Ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ ես հանձնարարել եմ ֆինանսների նախարարությանը դադարեցնել վճարումների փոխանցումն այս ամիս»,- գրել է Սմոտրիչը վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Ֆինանսների նախարարը նաև պահանջում է, որ կառավարությունը քննարկի Պաղեստինի ինքնավարությանը գումարներ փոխանցելու Իսրայելի քաղաքականությունը, ինչպես նախատեսված է Օսլոյի համաձայնագրում, հաշվի առնելով Պաղեստինի ինքնավարության բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված սարսափելի սպանություններին:

Նա իր դիմումին կցել է 12 հայտարարություններ, որոնք արվել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելում 1400 մարդու սպանությունից հետո:

«Պաղեստինի ինքնավարությունը ևս մեկ անգամ ապացուցեց այն փաստը, որի մասին մենք խոսում էինք երկար տարիներ, որ այն ահաբեկչությանն աջակցող կազմակերպություն է», - գրել է Սմոտրիչը նամակում։ «Հետևաբար, այդ միջոցներն օգտագործվում են նաեւ Իսրայելի պետության և նրա քաղաքացիների դեմ գործողությունների համար: Անհնար է պատկերացնել, որ այս իրականության մեջ մենք շարունակելու ենք այդ միջոցները փոխանցել այնպես, կարծես ոչինչ չի եղել»,- ավելացրել է նա: