ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ կրկին շրջագայության կկատարի Մերձավոր Արևելք, որի ընթացքում կայցելի Իսրայել։

«Քարտուղար Բլինքենն ուրբաթ կմեկնի Իսրայել՝ հանդիպելու Իսրայելի կառավարության անդամների հետ, այնուհետև այլ այցեր կկատարի տարածաշրջան»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ չհայտնելով այլ մանրամասներ։

Ավելի ուշ Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ: Երկու կողմերը «քննարկել են բռնությանը վերջ տալու, հռետորաբանությունը հանգստացնելու և տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու հրատապ մեխանիզմները», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Երկու առաջնորդները «համաձայնեցին, որ կարևոր է ապահովել, որ պաղեստինցիները բռնի տեղահանված չլինեն Գազայից դուրս», իսկ Բայդենը «վերահաստատեց Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Հորդանանին և Նորին Մեծության ղեկավարությանը»:

Բլինքենը զրուցել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Իսրայելի «ինքնապաշտպանության իրավունքին» և հորդորել երկրին «խելամիտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ նվազագույնի հասցնելու համար խաղաղ բնակիչներին հասցվող վնասը»: