Կորեայի Հանրապետությունը Հյուսիսային Կորեային կոչ է արել վերականգնել կանոնավոր հեռախոսակապը միջկորեական կապի գրասենյակի միջոցով։ Այս մասին հայտարարել է միավորման նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կու Բյոն Սամը։

«Ինչպես ցույց է տվել Ճապոնական ծովում հյուսիսկորեական նավի փրկության դեպքը հոկտեմբերի 29-ին, կապն անհրաժեշտ է ծովում աղետի դեպքում, եւ այն չի կարելի ընդհատել»,- ասել է պաշտոնական ներկայացուցիչը։

Հոկտեմբերի 29-ին հարավկորեացի զինվորականները նկատել էին սահմանազատիչ գծում դրեյֆող նավը եւ խնդրանքին ի պատասխան՝ նրա թիմին ջուր եւ մթերքներ տվել։ Նավաստիների խոսքով՝ նրանք 10 օր է՝ ծովում էին։ Ավելի ուշ նավը ափին են մոտեցրել Հյուսիսային Կորեայի իշխանությունները։ Հարավկորեական կողմը հարեւաններին այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ Հրամանատարության եւ միջազգային ծովագնացության ուղիների միջոցով։

«Այս հարցը կապված է ոչ միայն մեր [համաքաղաքացիների], այլեւ Հյուսիսային Կորեայի  բնակիչների անվանգության եւ կյանքի հետ։ Ուստի, կապը պահպանելը կարելի է դիտարկել որպես հումանիտար բնույթի հարց։ Կոչ ենք անում Հյուսիսին որքան հնարավոր է շտապ վերականգնել կապը, որպեսզի հնարավոր լինի ձեռնարկել համակարգված միջոցներ արտակարգ իրավիճակներում»,- ասել է Կու Բյոն Սամը։ Նա հիշեցրել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները ապրիլի 7-ից չեն պատասխանում հեռախոսազանգերին կապի միջկորեական գրասենյակի միջոցով։ Սովորաբար կողմերը օրը երկու անգամ փոխադարձ զանգեր են կատարել՝ առավոտյան եւ երեկոյան։