Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիլյոն հրաժարական է տվել ձայնագրության հրապարակման պատճառով, որը նրան կապում է թմրավաճառ Սեբաստիան Մարսետին անձնագիր տալու սկանդալի հետ։

«Հանգամանքները բավական էական էին, որպեսզի ես անհապաղ հրաժարական ներկայացնեմ նախագահին»,- նշվել է El Pais թերթում հրապարակված հայտարարությունում։

Ձայնագրությունում Բուստիլյոյի խոսակցությունն է իր նախկին տեղակալ Կարոլինա Աչեի հետ։ Նա կնոջն առաջարկում է ազատվել սմարթֆոնից, որպեսզի այն որպես հանցանշան չօգտագործվի։ Նախարարն ասում է, որ հատվածը կտրված է համատեքստից։ «Մարսետի անձնագրի ձեւակերպման հարցում ոչ մի անօրինական բան չի կատարվել, եւ ես չեմ մասնակցել գործընթացին եւ նրա մասին չեմ իմացել։ Ես նաեւ չեմ ստել եւ չեմ թաքցրել ճշմարտությունը խորհրդարանում լսումների ժամանակ»,- ասել է Բուստիլյոն։

2021թ. սեպտեմբերին Մարսետը ձերբակալվել էր ԱՄԷ-ում Պարագվայի կեղծ անձնագրով։ Մինչ նա բանտում էր, նրա հարազատները դիմել են Դուբայում Ուրուգվայի հյուպատոսություն՝ խնդրելով շտապ անձնագիր տրամադրել։ Փաստաթուղթը տրվել է։ Մարսետին բաց են թողել բանտից, եւ նա հեռացել է ԱՄԷ-ից։ Ավելի ուշ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, նա մինչ այժմ փախուստի մեջ է։