Դենվերի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Հյուսթոնի եւ Չիկագոյի քաղաքապետերը հանդիպում են պահանջել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որպեսզի համաձայնեցնեն կառավարության աջակցությունը շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին, տեղեկացրել է Associated Press (AP) գործակալությունը։
«Մեր քաղաքները լրացուցիչ միջոցների կարիք ունեն, որպեսզի ինչպես հարկն է հոգան ապաստան խնդրողների մասին»,- գործակալությունը մեջբերել է քաղաքապետերի կոլեկտիվ նամակը երկրի նախագահին։
Ինչպես նշել է գործակալությունը, քաղաքապետերը ցանկանում են արագացնել ներգաղթյալներին աշխատելու իրավունք տալու գործընթացը, քանի որ նրանք աշխատանքի տեղավորվելու համար հաճախ սպասում են վեց ամիս, երբեմն էլ՝ տասը տարի։ Նրանք պահանջում են ընդլայնել ներգաղթյալների իրավունքները եւ արդեն հայտը քննելու ժամանակ նրանց աշխատանք սկսելու հնարավորություն տալ։
«Ճգնաժամի էությունն այն է, որ մեզ մոտ կան մարդիկ, որոնք ցանկանում են աշխատել։ Մենք ունենք գործատուներ, որոնք ցանկանում են վարձել նրանց։ Եվ մենք ունենք դաշնային կառավարություն, որը խանգարում է գործատուներին, որոնք ցանկանում են վարձել աշխատողների, որոնք ցանկանում են աշխատել»,- գործակալությունը մեջբերել է Դենվերի քաղաքապետ Մայք Ջոնսթոնի խոսքերը։ «Դաշնային կառավարությունը պետք է ավելին անի»,- ասել է նա։
Ինչպես ընդգծել է գործակալությունը, գործազուրկները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում ժամանակավոր տեղակայման վայրերում, քանի որ առանց աշխատանքի թույլտվության նրանք չեն կարող բնակարան ստանալ։ Ամերիկայում զգուշանում են, որ ներգաղթյալների ավելի մեծ հոսք կլինի, եթե թույլտվությունների քանակն ավելանա, նշել է AP-ն։ Գործակալությունը նշել է, որ Դենվերում վերջին ժամանակներս ներգաղթյալների թիվը ավելացել է տասն անգամ, Չիկագոյում ներգաղթյալները ստիպված են քնել ոստիկանական տեղամասերում, իսկ Նյու Յորքում նրանց համար առանձնացվել է զբոսանավերի տերմինալներից մեկը։





























