Հունաստանում տեղի ունեցած 5,2 մագնիտուդով երկրաշարժը սողանքներ է առաջացրել Էվբեա կղզում, վնասվել են Հովհաննես Ռուս եկեղեցու մոտ գտնվող խանութների ցուցափեղկերը, ընդհանուր առմամբ, վնասն աննշան է եղել, հայտնում է eviaonline.gr պորտալը՝ հղում անելով Կենտրոնական Հունաստանի նահանգապետ Ֆանիս Սպանոսին։
«Որոշ տարածքներում սողանքներ են եղել։ Ստորգետնյա ցնցումները նյութական աննշան վնասներ են հասցրել խանութներին՝ հիմնականում Սուրբ Հովհաննես Ռուս եկեղեցու մոտ (Պրոկոպիոնում), վնասվել են դրանց ապակիները։ Դպրոցները դադարեցրել են դասերը, երեխաներին դուրս են բերել փողոց։ Համայնքապետերը կորոշեն՝ արդյոք պետք է շարունակել պարապմունքները», - հաղորդում է պորտալը:
Տարածաշրջանն օգտագործում է իր մեխանիզմները՝ վնասները վերահսկելու համար։
Պորտալը հայտնել է նաև, որ Մանտուդի քաղաքի ոստիկանական բաժանմունքում կախովի առաստաղ է փլուզվել, սակայն տուժածներ չկան։
Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան մագնիտուդը սկզբում գնահատել է 5,1, այնուհետև գնահատականը հասցրել է 5,2-ի։ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը մագնիտուդը 5,2 է գնահատել:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8.26-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Եվբեա կղզում՝ Աթենքից մոտ 80 կիլոմետր և Պրոկոպիոն քաղաքից ինը կիլոմետր հեռավորության վրա։ Օջախն ընկել է 5-ից 10 կիլոմետր խորության վրա: Յոթ րոպե անց նույն աղբյուրի մոտ 3,8 մագնիտուդով հետցնցում է տեղի ունեցել։




























