Ռուսաստանն օգտվում է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից «ամենաայլասերված կերպով»՝ հուսալով շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ուկրաինայի պատերազմից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը, հայտնում է Cursorinfo-ն։
Իսրայելցի դիվանագետի այս հայտարարությունը նրա պատասխանն էր ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզայի խոսքին, որը հրեական պետությանը մեղադրել էր «օկուպացիայի» մեջ։ Ռուսաստանցի դիվանագետը նաև մերժել է ահաբեկիչներից Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը։
«Ծիծաղելի է Իսրայելի հասցեին հատկապես Ռուսաստանի ներկայացուցչից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի վերաբերյալ բարոյական քարոզ լսելը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից վտարված երկրի ներկայացուցիչը դատողություններ է անում բարոյականության մասին։ Ռուսաստանը վերջինն է, որը մեզ կսովորեցնի»,- ասել է Էրդանը։
Ըստ նրա, բոլորը հասկանում են, թե ինչպես կարձագանքեր Մոսկվան, եթե իր հազարավոր քաղաքացիներ սպանվեին կամ առևանգվեին ահաբեկիչների կողմից։ Էրդանը կարծում է, որ Ռուսաստանի ներկայացուցչի նման հռետորաբանության հիմնական նպատակը «աշխարհի ուշադրությունը շեղելն է Ուկրաինա ՌԴ-ի ներխուժումից»։




























