ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում հայտարարել են ավտոմեքենաների գողությունների դեմ պայքարի նոր ծրագրի մեկնարկի մասին, հայտնում է DCist-ը։ Հանցագործության բարձր մակարդակ ունեցող շրջանների բնակիչներին անվճար կտրամադրվեն Apple AirTag տեղորոշիչներ՝ իրենց մեքենաներին հետևելու համար:
Վաշինգտոնի բնակիչները կկարողանան ձեռք բերել Apple-ի տեղորոշիչները՝ հատուկ միջոցառումների շրջանակում, որոնք կանցկացվեն տեղի ոստիկանական բաժանմունքների կողմից: Նշվում է նաև, որ ոստիկանությունը կօգնի ամերիկացիներին իրենց մեքենաների վրա տեղորոշիչներ տեղադրել։
«Մենք գիտենք, որ անձինք, որոնք զբաղվում են են այս տեսակի հանցավոր գործունեությամբ, հաճախ այլ իրավախախտումներ էլ են կատարում, և մեկ ձերբակալությունը կարող է օգնել մի քանի գործեր փակել», - ասել է ոստիկանապետի պաշտոնակատար Պամելա Սմիթը:
Բնակիչներին տրվելիք տեղորոշիչների թիվը չի նշվում։





























