Երեւան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ: Այս մասին գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Երեւան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ:

Քաղաքաշինական ծրագրերի խթանումից, կարգավորված կառուցապատումից, ինչպես նաեւ ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուց բացի, գլխավոր հատակագիծը երեւանցիների համար բարենապաստ քաղաքային պայմաններ ստեղծելուն է ուղղված:

Քաղաքի ու երեւանցիների համար ռազմավարական նշանակություն ունեցող կարեւորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է եւ չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Ավելին՝ տարիներ շարունակ իրականացված անկանոն կառուցապատման հետեւանքով առաջացել են տարատեսակ շեղումներ:

Ուղղակիորեն բարդությունից վախենալով եւ այս բեռը չվերցնելով՝ մենք ավելի ու ավելի կխորացնենք Երեւանում արդեն իսկ առկա խնդիրները:

Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքագրվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք` նախագիծը կյանքի կոչելու համար: Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երեւանի դինամիկ ու համաչափ զարգացումը»,- գրել է նա։