Հարավային Ավստրալիայի ոստիկանության աշխատակիցը սպանվել է կասկածյալի հետ փոխհրաձգության ժամանակ, ևս մեկ ոստիկան վիրավորվել է, իսկ հարձակվողը հոսպիտալացվել է։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննում է Ադելաիդայից 270 կիլոմետր դեպի արևելք գտնվող Սենիորում տեղի ունեցած հրաձգությունը: «Կրակոցների մասին հաղորդում ստանալուց հետո բնակելի շենք ժամանած խումբն առերեսվել է զինված կասկածյալի հետ, ով կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ։ Արդյունքում՝ սպաներից մեկը ծանր վիրավորվել է և մահացել դեպքի վայրում, երկրորդ ոստիկանը վիրավորվել է և ավելի ուշ տեղափոխվել Ադելաիդայի հիվանդանոց, իսկ երրորդին հաջողվել է օգնել գործընկերոջը և պահեստային կանչել»,- հայտնել են ոստիկանությունից։
Ոստիկանությունը նաև նշել է, որ ծառայողների վրա կրակած 26-ամյա երիտասարդը «կյանքի համար վտանգված լուրջ վնասվածքներ է ստացել»։ «Նրան բուժօգնություն են ցուցաբերել դեպքի վայրում, իսկ ավելի ուշ ինքնաթիռով տեղափոխել են Ադելաիդա, որտեղ նա մնում է [հիվանդանոցում] ոստիկանական հսկողության ներքո», - ասվում է վարչությունում:
Դեպքի վայրում աշխատում են հետախույզները, դատաբժշկական փորձագետները և ներքին անվտանգության վարչության անդամները, սակայն ոստիկանությունն ընդգծել է, որ «հանրության համար վտանգ չկա»:





























