Պայթյունից տուժած 3 վիրավորներից 2-ը «Արմենիա» բժշկական կենտրոնում են. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է, մյուսը հետազոտվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից:
«Ծանրությունը պայմանավորված է քիմիական այրվածքների մակերեսով: Երկրորդը հետազոտությունից հետո կուղարկվի այրվածքաբանական կենտրոն»,- հայտնեցին հիվանդանոցից:
Ինչ վերաբերում է երրորդ տուժածին, որը պարեկային ծառայության աշխատակից է, նա «Հերացի» բժշկական կենտրոնում է, վիճակը բավարար է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում պայթյուն է եղել եւ հրդեհ է բռնկվել: Պայթյունի հետևանքով կա մահվան դեպք, ինչպես նաև՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է: Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։ Հրդեհը մարվել է:
Այրվածքաբանական կենտրոնից NEWS.am-ին հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխել երկու հոգու՝ 70-ամյա Սեյրան Բիչախչյանին եւ 65-ամյա Ահարոն Հակոբյանին: Նրանց վիրակապել են եւ ուղարկել «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրանք ունեցել են պոլիտրավմա, բազմաբեկորային վնասվածք, քիմիական այրվածքներ 3-րդ աստիճանի:
Եվս մեկ տուժած, որը ոստիկան է, տեղափոխվել է «Հերացի» հմալսարանական հիվանդանոց:




























