Ավելի քան չորս հազար տարի առաջ գլխատող մարդասպանները հարձակվել են Չինաստանի հյուսիսարևելքում գտնվող բնակավայրի վրա, որտեղ սպանել և գլխատել են տասնյակ կանանց և երեխաների: Նոր հետազոտության հեղինակները բացահայտել են այս կոտորածի մանրամասները։

Ինչպես հայտնում է Naked Science-ը, Չինաստանի և ԱՄՆ-ի գիտնականները հետազոտել են հյուսիսարևելյան Չինաստանի Խունխե տեղանքում հայտնաբերված մարդկային կմախքները։ Նեոլիթյան դարաշրջանի այս բնակավայրի  ամենավաղ հիշատակումը  4400 տարի առաջ է: Սակայն հնագետներին հետաքրքրում էր մի իրադարձություն, որը տեղի էր ունեցել ավելի ուշ՝ մոտ 4100 տարի առաջ:

Archaeological and Anthropological Sciences ամսագրում հրապարակված հոդվածում նրանք պատմում են, որ թաղման վայրում գտել են 41 կմախք, որոնցից ոչ մեկը գանգ չի ունեցել: Կմախքների  մնացորդները պատկանում էին կանանց և երեխաների։

Դատելով դրանց դասավորությունից՝ 32 մարդ սպանվել և գլխատվել է գրեթե ակնթարթորեն, մնացածը՝ որոշակի ժամանակահատվածում։ Այս թաղման վայրից ոչ հեռու, նեոլիթյան կառույցի մնացորդների կողքին, հնագետները գտել են չորս տղամարդու  գանգ՝ առանց կմախքի այլ մնացորդների: Գանգերի հետ եղել են ոսկրային գործիքներ և կերամիկայի բեկորներ։

Աշխատանքի հեղինակները կանանց և երեխաների կմախքների պարանոցի ողերի վրա սուր գործիքների հետքեր են հայտնաբերել։ Նրանց կարծիքով՝ կտրվածքների տեղը վկայում է այն մասին, որ այս բոլոր մարդկանց գլխատել են նույն կերպ՝ ձախ ձեռքով տուժածի գլուխը հետ են թեքել, իսկ աջով՝ դիմացի մասից կտրել գլուխը։

Սպանության գործիքներն, ամենայն հավանականությամբ, եղել են ոսկրե բռնակներով դանակները և քարե շեղբերը: Գիտնականները նշել են, որ հարձակվողների զենքերը և միանման գործողությունները վկայում են վաղուց ստեղծված խմբի և գլխատման լայն պրակտիկայի մասին։ Գլխատումը տարածված էր Ասիայի տարբեր շրջաններում, հատկապես Հարավարևելյան և Խաղաղ օվկիանոսի կղզիներում: Որպես կանոն, մարդաբաններն այս երևույթը բացատրում են ծիսական, սոցիալական և տարածքային գործոնների համադրությամբ:

Խնդիրն այն է, որ նեոլիթյան Չինաստանի համար նախկինում զանգվածային գլխատման  դեպքեր չեն գրանցվել:

Հետազոտողները ենթադրել են, որ կանանց և երեխաների դաժան սպանությունը ահաբեկման գործողություն է եղել:

Հակամարտության ժամանակ մրցակից ցեղը կարող էր հարձակվել բնակավայրի վրա, քանի դեռ չափահաս տղամարդիկ բացակայում էին, ենթադրում են գիտնականները: Այնուհետև հարձակվողները զոհերի գլուխները վերցրել են որպես ռազմավար: Վերադարձած տղամարդիկ սպանվածներին թաղել են, ապա լքել բնակավայրը։ Իսկ չորս գանգերը՝ առանց մարմինների, կարող էին լինել ռազմավարներ, որոնք այս տեղանքի նախնական բնակիչների կողմից էին բերվել և օգտագործվել  որոշ ծեսերում:

Բայց այս ամենը չի բացատրում զոհերին գլխատելու հմուտ կարողությունները նույն դարաշրջանում նմանատիպ  թաղումների իսպառ բացակայության պայմաններում: Գիտնականները հույս ունեն, որ հետագա հնագիտական ​​աշխատանքները կօգնեն շտկել իրավիճակը և կտան նեոլիթյան Ասիայի կյանքի տրամաբանական և կապակցված պատկերը: