ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հավանության վարկանիշը հասել է իր նախագահության ընթացքում ամենացածր մակարդակին՝ 40 տոկոսի, քանի որ բոլոր ընտրողների մեծամասնությունը հավանություն չի տալիս նրա արտաքին քաղաքականությանն ու Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմին, վկայում է NBC News-ի ազգային հարցումը։

Բայդենի թուլացած դիրքերը առավել նկատելի են դեմոկրատների շրջանում, որոնց մեծ մասը կարծում է, որ Իսրայելը չափից ավելի հեռու է գնացել Գազայում իր ռազմական գործողություններում, նաեւ 18-34 տարեկանների շրջանում, ընդ որում՝ նրանց 70 տոկոսը հավանություն չի տալիս այն բանին, թե ինչպես է վերաբերվում Բայդենը պատերազմի հարցերին։

Հարցման համաձայն՝ գրանցված ընտրողների 40 տոկոսը հավանություն է տալիս Բայդենի աշխատանքին, 57 տոկոսը հավանություն չի տալիս, ինչը Բայդենին տրվող հավանության չափազանց ցածր մակարդակ է (հավանություն չտալու ռեկորդային բարձր մակարդակ) այն ժամանակներից, երբ նա դարձել է նախագահ։