Համաշխարհային միջին ջերմաստիճանը մեկ օրով գերազանցել է երկու աստիճան տաքացման կրիտիկական շեմը։ Ջերմաստիճանի բարձրացում են արձանագրել Եվրամիության Copernicus ծառայության գիտնականները։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է կազմակերպության ղեկավարի տեղակալ Սամանթա Բերջեսը։
Ըստ վերլուծաբանների՝ նշաձողը կարճ ժամանակով հատվել է նոյեմբերի 17-ին։ Նախաարդյունաբերական դարաշրջանի համեմատ՝ Երկրի վրա ջերմաստիճանն աճել է 2,06 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի։ Բացի այդ, ուրբաթ օրը ջերմաստիճանը գերազանցել է 1991-2020 թվականների մակարդակը միջինը 1,17 աստիճանով։ Այսպիսով, նոյեմբերի 17-ը դարձավ ռեկորդային ամենաշոգ օրը։
Կլիմայագետները զգուշացնում են, որ նախաարդյունաբերական մակարդակից երկու աստիճանով կայուն տաքացումը անդառնալի հետևանքներ կունենա մոլորակի և նրա էկոհամակարգերի համար: Միջին գլոբալ ջերմաստիճանի մեկուկես աստիճանով բարձրացումից զերծ պահելը մնում է 2015 թվականի Փարիզի կլիմայի համաձայնագրի հիմնական կետը։
Ըստ Բուրջեսի՝ նոյեմբերի 17-ին գրանցված ջերմաստիճանի ռեկորդը չի խախտել պայմանագրի պայմանները, սակայն ցույց է տվել, որ աշխարհն այդքան էլ հեռու չէ դրանից։ Նա նաև CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ Copernicus-ի տվյալները նախնական են և պահանջում են հաստատում իրական դիտարկումներով։





























