Ճապոնիան, ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռների ցանկացած արձակում համարում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում եւ Հյուսիսային Կորեայից պահանջելու են հրաժարվել նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը արբանյակ արձակելու իր պլանից։ Այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի ԱԳՆ-ն՝ երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների արդյունքների հիման վրա։
Խորհրդակցությունների մասնակիցները խոստացել են նաեւ սերտորեն համագործակցել զսպման պոտենցիալի ամրապնդման եւ արձագանքման ոլորտում եւ ՄԱԿ-ում աշխատել Փհենյանի գործողություններին արձագանքելու ուղղությամբ։
Հյուսիսային Կորեան տեղեկացրել է Ճապոնիայի ափային պահպանության ծառայությանը նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը արհեստական արբանյակ արձակելու պլանների մասին։ Ճապոնացի դիտորդները ուշադրություն են դարձնում այն համգամանքին, որ նախկինում Փհենյանը արձակումներն իրականացնում էր հայտարարված ժամանակային պատուհանի առաջին երեք օրերին։





























