Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Տեղեկատվության համաձայն՝ Տոկաեւը կմասնակցի ՄԱԿ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների համար Հատուկ ծրագրերի գագաթաժողովին, որը տեղի է ունենալու Բաքվում։

ՄԱԿ հատուկ ծրագիրը հիմնվել է 1998թ. մարտին Տաշքենդի հռչակագրով, որն ստորագրել են Կենտրոնական Ասիայի երկրների նախագահները եւ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ու ՄԱԿ Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի գծով  Տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարները՝ որպես ՄԱԿ հատուկ ծրագիր այդ երկրների տնտեսական զարգացմանն աջակցելու, համագործակցության եւ Եվրոպայի եւ Ասիայի տնտեսություններին ինտեգրման համար։ Հատուկ ծրագրի մասնակից պետություններն են Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։ 2023թ. Ադրբեջանը նախագահում է Ծրագրում եւ Հատուկ ծրագրի օրեր է անցկացնում Բաքվում 2023թ. նոյեմբերի 20-24-ը։