Հայաստանի պաշտպանության մասին ԱՄՆ Սենատի ակտը պատժամիջոց է Ադրբեջանի հանդեպ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, Միլի մեջլիսի այսօրվա նիստում այս մասին ասել է միջազգային հանաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Սամեդ Սեիդովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ինքն է իրեն մեկուսացնում տարածաշրջանից։ Նա ասել է, որ պատերազմն Ադրբեջանի դեմ վարվում է երկու ճակատով՝ իրական եւ վիրտուալ։ «Երկրորդ ճակատում ոտնձգում են մեր ապագայի դեմ։ Սրան է վերաբերում նաեւ 1992թ. օրենքի 907-րդ լրացումը։ Ցավոք, Արեւմուտքը չցանկացավ տեսնել իրողություններն Ադրբեջանում։ Ադրբեջանը, որի տարածքի մի մասը օկուպացված էր, ենթարկվել է ճնշման, իսկ օկուպանտ Հայաստանի վրա ոչ մի ճնշում չի գործադրվել։ ԱՄՆ-ի համար կարմիր գիծ էր Ադրբեջանի լիակատար վերահսկողությունն իր տարածքի հանդեպ։ ԱՄՆ Սենատում ընդունվել է С-3000 ակտը, քանի որ Հայաստանի պաշտպանության մասին ակտը փաստացի արտացոլում է պատժամիջոցների ներդրում Ադրբեջանի հանդեպ։ Պարզվում է, որ Հայաստանի պաշտպանությունը կապված էր Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ մտցնելու հետ։ Ըստ էության, դա նշանակում է վերադարձ երկակի չափորոշիչներին։ Այդ փաստաթուղթը, որն ընդունվել է Սենատում, պետք է ընդունվի նաեւ Ներկայացուցիչների պալատում, իսկ վերջին փուլում այն պետք է հաստատի նախագահ Բայդենը։ Եթե Բայդենը ստորագրի այդ փաստաթուղթը, ապա ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին լուրջ հարված կհասցվի։ Այս անգամ հարվածը կհասցվի Միացյալ Նահանգներին։ Այս անգամ ԱՄՆ-ն չի կարողանա դեր խաղալ Ադրբեջանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։ Փաստորեն, այդ փաստաթղթի ընդունումից հետո ԱՄՆ-ն ինքն է մեկուսանում տարածաշրջանից»,- ասել է Սեիդովը։
ԱՄՆ Սենատը նոյեմբերի 15-ին ընդունել է «2023թ. Հայաստանի պաշտպանության մասին ակտը»։ Սենատորները քվեարկել են այն փաստաթղթի օգտին, որը թույլ չի տալիս ԱՄՆ նախագահին շրջանցել «Ազատության աջակցության մասին օրենքի» 907-րդ ուղղումը, որն արգելում է ռազմական օգնությունն Ադրբեջանին։ https://news.am/rus/news/792870.html





























