Սեուլը որոշել է դադարեցնել Փհենյանի հետ 2018թ. ստորագրված ռազմական համագործակցության մի մասի գործողությունը այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան անտեսել է ԱՄՆ եւ նրա դաշնակիցների նախազգուշացումները եւ արձակել է լրտեսական արբանյակ, տեղեկացրել է Reuters-ը։

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ուղեծիր է դուրս բերել առաջին լրտես-արբանյակը։

Հարավային Կորեան եւ Ճապոնիան առայժմ չեն կարողացել ստուգել, թե արդյոք արբանյակն ուղեծրում է։ Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները դեռեւս գնահատում են, թե արդյոք արձակումը հաջող է եղել։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, որը պետական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում,  հավանություն է տվել միջկորեական համաձայնագրի մի մասի դադարեցման որոշմանը։

Պակտը, որը հայտնի է որպես Համապարփակ ռազմական համաձայնագիր եւ ուղղված է լարվածության թուլացմանը մրցակիցների միջեւ, ստորագրվել է 2018թ. Հարավային Կորեայի նախկին նախագահ Մուն Չժե Ինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կողմից։

 Բայց քննադատները կոչ են արել հրաժարվել դրանից՝ հայտարարելով, որ դա թուլացրել է Սեուլի՝ Հյուսիսային Կորեայի գործողությունները վերահսկելու ունակությունը սահմանի շուրջ, այն դեպքում, երբ Փհենյանը կոպտորեն խախտել է համաձայնագիրը։