Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ժամանակավոր հրադադարի եւ գերիների փոխանակման շուրջ այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել այդ համաձայնությանը։

Ինչպես տեղեկացրել է Haaretz-ը, ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի 30 իսրայելցի երեխաների եւ 20 կանանց 240 պատանդներից։ Փոխարենը Իսրայելը ազատ կարձակի 150 պաղեստինցի բանտարկյալների։ Պաշտոնյան տեղեկացրել է թերթին, որ ՀԱՄԱՍ-ը կարող է նաեւ ազատ արձակել օտարերկրացի պատանդներին՝ համաձայնագրերի համապատասխան։

Գործարքի շրջանակում, որը կնքվել է Կատարի միջնորդությամբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ ազատ չարձակված պատանդները կստանան դեղամիջոցներ, նրանց կայցելի Կարմիր խաչը։

Հրադադարը տեւելու է չորս-հինգ օր։ Նեթանյահուի գրասենյակում նաեւ հայտնել են, որ յուրաքանչյուր հավելյալ 10 պատանդի ազատ արձակումը եւս մեկ օր կավելացնի մարտական գործողությունների դադարին։

Բայց Նեթանյահուն մերժել է այն գաղափարը, որ մարտական գործողությունները կարող են դադարեցվել ավելի երկար ժամանակով։ «Մենք գտնվում ենք պատերազմի վիճակում եւ կշարունակենք պատերազմն այնքան ժամանակ, մինչեւ որ հասնենք մեր բոլոր նպատակներին՝ վերացնենք ՀԱՄԱՍ-ը, վերադարձնենք բոլոր պատանդներին եւ անհետ կորածներին եւ երաշխավորենք Գազայի հատվածից Իսրայելին սպառնացող վտանգի բացակայությունը»,- ասել է նա։