Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կվերադառնա քաղաքականություն, եթե նրա աղջկա՝ փոխնախագահ Սառա Դուտերտեի հանդեպ իմփիչմենթ հայտարարվի, տեղեկացրել է Bloomberg-ը։

Նրա մեկնաբանությունները հնչել են այն ժամանակ, երբ փոխնախագահը հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում՝ կապված նրա կողմից անցյալում գաղտնի միջոցների օգտագործման հետ։ Պատգամավորներից մեկը հայտնել էր, որ Ներկայացուցիչների պալատում ոչ պաշտոնական բանակցություններ են վարվել նրան հեռացնելու նպատակով։

«Եթե դուք անեք դա, ես կվերադառնամ քաղաքականություն։ Ես ստիպված կլինեմ անել դա»,- ասել է 78-ամյա Դուտերտեն։ «Կամ կառաջադրվեմ սենատորի, կամ փոխնախագահի պաշտոնում, անգամ եթե ծեր եմ»։

Դուտերտեն, որն իր վեցամյա ժամկետն ավարտել է 2022թ. հունիսին բարձր վարկանիշով, քաղաքական ընդդիմախոսներին, որոնց անունները չի նշել, զգուշացրել է, որ միջանկյալ ընտրությունները «սարերի հետեւում չեն»։

2022թ. ընտրություններից մոտ մեկ տարի առաջ եւս նախկին նախագահը առաջադրել էր փոխնախագահի կամ սենատորի պաշտոնին հավակնելու գաղափարը։