Մյանմայում զինվորականների եւ էթնիկ խմբերի միջեւ հակամարտությունը «ամենամասշտաբայինն» է 2021թ. հեղաշրջումից հետո։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ հումանիտար հարցերի կոորդինացման վարչությունը։

Ավելի քան 286 հազար մարդիկ հեռացել են իրենց տներից, երբ հոկտեմբերի վերջին էթնիկ բանակների դաշինքը սկսեց հարձակումը Շան նահանգի հյուսիսում, նշվել է ՄԱԿ գործակալության զեկույցում։ Զոհվել է 187 խաղաղ բնակիչ, 246 հոգի վիրավորվել է, նշվել է հաղորդագրությունում։

«Զինված բախումները  տարածվել են ավելի մեծ թվով տարածքներում, ներառյալ հոծ բնակություն ունեցող քաղաքային կենտրոնները, ինչը ամբողջ երկրում քաղաքացիական բնակչության համար մեծ վտանգ է առաջացնում»,- հայտարարել է գործակալությունը։

ՄԱԿ տվյալներով՝ տրանսպորտային կարեւոր երթուղիները գյուղերում, որտեղ մոլեգնում են մարտերը, փակվել են զինվորականների եւ ապստամբ խմբավորումների կողմից, ինչի հետեւանքով ծուղակում են հայտնվել հարյուրավոր մարդիկ։ Լրջորեն սահմանափակվել է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։