Հյուսիսային Կորեան կուժեղացնի Հարավային Կորեայի սահմանին տեղակայված իր զինված ուժերի ստորաբաժանումները՝ լրացուցիչ զորքեր եւ նոր սպառազինություններ ուղարկելով։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը։
Գործակալության տեղեկացմամբ՝ Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է «լրացուցիչ զինված ուժեր եւ նոր ռազմական տեխնիկա տեղակայել սահմանազատիչ գծի մոտ»։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ «Հարավային Կորեան պատասխանատվություն կկրի, եթե տեղի ունենա բախում Հյուսիսի եւ Հարավի միջեւ»։
Գործակալությունն այս որոշման պատճառ է անվանել Սեուլի կողմից 2018թ. միջկորեական ռազմական համաձայնագրի մի մասի գործողության դադարեցումը՝ ի պատասխան այն բանի, որ Հյուսիսային Կորեան արբանյակ է արձակել։





























